Ես եմ

Արդեն երեք տարի է՝ ուսանում եմ եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, ուր ամեն ինչ տարբեր է ու զարմանալի: Սկզբում ինձ համար խորթ էր անգամ դասարանների ընդանուր լինելը, բայց հետո զգացի, թե դա որքան նպաստեց իմ՝ մտքի կապանքներից ազատվելուն. ես սկսեցի նկատել աշխարհն իր բազմազանությամբ: Ընկերներիս մեջ օր օրի հայտնաբերում էի դրական շատ հատկանիշներ և շուտով մտերմացա շատերի հետ , նոր դպրոցում այլևս խորթ չէր. ես մենակ չէի, այստեղ ուսուցիչները ևս անընդհատ ջանքեր են թափում բոլորիս մեջ լավագույնը որակները պեղելու-գտնելու ու զարգացնելու, երբեք չեն սահմանափակում մեր ազատությունը:

Եվ ծնվեցին իմ առաջին անուրջները, ծնվեցին ու թևեր առան: Ես հասկացա, որ այս լայնարձակ աշխարհում իմ տեղը իմ հայրենիքում է, ու ես կդառնամ այդ երկիրը շենացնողներից մեկը , նրա զինվորն ու նրա լուսավոր ապագան կերտողը:

Ճանաչում ես հայրենիքդ, երբ ոտք ես դնում այն բոլոր տարածքներում, որ դարեր շարունակ քո պապերի, քո նախնիների կողմից սրբացվել և չեն զիջվել թշնամուն, այլ կառուցապատվել են, թանկ ու անգնահատելի դարձել տարբեր ժամանակներում ստեղծված կոթողներով՝ եկեղեցիներով, վանքերով, մատուռներով ու տաճարներով: Շնորհակալ եմ մեր տնօրենությանն ու ուսուցիչներին, որ հաճախ են կազմակերպել արշավներ ու էքսկուրսիաներ՝ բարեխղճորեն ճանաչել տալով մեր հայրենիքի՝ մեզ համար այնքան թանկ , բայց մեզ դեռևս անծանոթ վայրերը: Երբեք չեմ մոռանա Արցախ կատարած մեր ճամփորդությունը: Հիմա մտածում եմ՝ ինչքան բան կորցրած կլինեի, եթե ինչ-որ պատճառով բաց թողնեի այդ օրերին: Օրերի ընթացքում տարիների հասունություն ձեռի բերեցի:
Ես սիրեցի, շատ սիրեցի իմ նոր դպրոցը, այն ինձ համար դարձավ ամենամոտ հարազատի նման: Հիմա երբ հասկանում եմ, որ այս հեքիաթային կյանքը մի քանի ամիս անց իբրև սրտաբուխ մեղեդի ավարտվելու է, որովհետև արդեն վերջին ակորդներն են հասնում իմ պատանի զգայարաններին, թախծում եմ շատ: Թախծում եմ շատ, բայց հուսով եմ, որ ամեն ավարտ, մի ուրիշ նորի սկիզբ է, մի ուրիշ նորի ծնունդ , իսկ ես նորի հետ կապված երազանքներ ունեմ, դրանք այստեղ են ծնվել՝ իմ նոր ու հարազատ կրթօջախում:
Չեմ ուզում երկար գրել ձեռքբերումներիս ու հաջողություններիս մասին, տեսնողը տեսել ու տեսնում է: Հետո՞…Իսկ հետո-ն հետո կերևա. Դեռ կլսեք, դեռ կտեսնեք…

Оставьте комментарий