Նոր տնտեսական քաղաքականունությունը

Նոր տնտեսական քաղաքականությունը (Նէպ)

Տնտեսության վերականգնումը

Քաղաքացիական կռիվների ավարտից հետո Խորհրդային Հայաստանը ձեռնամուխ եղավ քայքայված տնտեսության վերականգնման գործին։ Դրան ծառայելու եկավ Նոր տնտեսական քաղաքականությունը (Նէպ)։ Այն իրականացվել էր Ռուսաստանում 1921 թ., այն բանից հետո, երբ ռազմական կոմունիզմի քաղաքականությունը ճգնաժամային իրադրություն էր ստեղծել ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական բնագավառներում։

Նէպը տնտեսական միջոցառումների համակարգ էր, որտեղ կենտրոնականը պարենային հարկն էր։ Նէպով հնարավորություն, նյութական խթաններ էին ստեղծվում շուկայական հարաբերությունների հիման վրա տնտեսությունը վերականգնելու և զարգացնելու համար։ Շուկայի միջոցով աշխուժանալու էին ապրանքադրամական հարաբերությունները արդյունաբերության ու գյուղատնտեսության՝ քաղաքի ու գյուղի միջև։ Նէպի վերջնական նպատակն էր, ըստ Վ. Լենինի, հասնել սոցիալիզմի կառուցմանը։

Հայաստանում նէպին անցումը տեղի ունեցավ աստիճանաբար։ 1921թ. գարնանը և ամռանն ընդունվեցին մի շարք դեկրետներ, իսկ հունիսին ընդունվեց որոշում պարենհարկի մասին։ Նէպը նյութական շահագրգռություն էր տալիս գյուղացուն և բոլոր մյուս արտադրողներին՝ ազատորեն տնօրինելու արտադրանքը և վաճառքը։

Տնտեսական շահագրգռությունն արտահայտություն էր գտնում հարկային քաղաքականության մեջ։ Սահմանված հարկը վճարելուց հետո մնացած բերքը գյուղացին տնօրինում էր ազատորեն։ Հարկման հիմքում դրված էր եկամտային սկզբունքը։ Հարկը բարձրանում էր ըստ եկամտի ծավալի մեծության, իսկ չքավորներն ազատվում էին հարկից։

Հողային հարցը

Հողի մասին դեկրետն ընդունվեց 1920թ. դեկտեմբերի 28-ին։ Այդ դեկրետի, ապա 1923 թ. ընդունված հողային օրենսգրքի համաձայն բռնագրավվեցին կալվածատիրական հողերը, կատարվեց բոլոր հողերի ազգայնացում։ Այնուհետև դրանք բաժանվեցին գյուղացիական տնտեսությունների միջև, որոնց ընդհանուր թիվը 1920-ական թվականների վերջին հասնում էր շուրջ 180 հազարի։

Հայաստանում կալվածատիրությունը տարածված չէր, ուստի խորհրդային իշխանության հողային բարենորոգումները քիչ չափով ավելացրին գյուղացու հողաբաժինը։

Հողային հարցի լուծման կարևոր խնդիրներից էր մեծաթիվ գաղթական բնակչության ապահովումը, որը լրացուցիչ դժվարություն էր ստեղծում առանց այն էլ հողասակավ երկրի համար։ Ստեղծված պայմաններում հողով բավարարվեցին ոչ բոլոր գյուղացիները։ 1929թ. ավելի քան 40 հազար գյուղաբնակներ շարունակում էին մնալ հողազուրկ։

Խորհրդային օրենքներով հողը գյուղացուն ամրագրվում էր ձրի և պարբերական վերաբաժանման սկզբունքով։ Խորհրդային իշխանությունն անհատական տնտեսությունը դիտում էր որպես ժամանակավոր երևույթ, քանի դեռ չէր նախապատրաստվել անցումը սոցիալիստական տնտեսություններին։Հայաստանի տնտեսության վերականգնմանը նպաստում էր նաև Ռուսաստանի օգնությունը։ Առաջին օգնությունը ստացվեց 1921 թ. մարտին, երբ ինքնաթիռը Հայաստան փոխադրեց 47 կիլոգրամ ոսկի։ Այն օգտագործվեց Իրանից հաց գնելու համար։ Հայաստանի ստացած օգնության գումարը կազմեց 3,5 միլիոն ռուբլի ոսկով։ Ռուսաստանը օգնություն էր ցույց տալիս կադրերով և այլ միջոցներով։ Շարունակվում էր Մերձավոր Արևելքում Օգնության ամերիկյան կոմիտեի (Ամերկոմ) կողմից ցուցաբերվող բարեգործական օգնությունը։ Ամերկոմի մանկատներում սնվում և ուսում էին ստանում հազարավոր որբ երեխաներ՝ ցեղասպանության զոհերի վերապրողներ։ Ամերկոմի մարդասիրական գործունեությունը տևեց մինչև 1920-ական թվականների վերջը՝ երեխաների չափահաս դառնալը։Նէպի և մյուս միջոցառումների շնորհիվ վերա¬կանգնվեցին գյուղատնտեսությունը և արդյունաբե¬րությունը։ 1928թ. Հայաստանի տնտեսությունը հասավ նախապատերազմյան՝ 1913թ. մակարդակին։Ցավոք, հետագա տարիներին նոր տնտեսական քա¬ղաքականությունը չշարունակվեց, որի պատճառով գյու¬ղատնտեսության հետագա զարգացումը մեծապես խաթարվեց։Հայաստանի տնտեսական շինարարության գործում մեծ աշխատանք կատարեց Սարգիս Լուկաշինը (Սրապիոնյան, 1881-1937), որը շնորհալի տնտեսական գործիչ էր։

Оставьте комментарий