Քառօրյա պատերազմ

Քառօրյա պատերազմ

2016 թվականի ապրիլի 2-ից 5-ը ղարաբաղյան շփման գծում տեղի ունեցած իրադարձությունները պատմության մեջ կմնան որպես քառօրյա պատերազմ: Թե ռազմական գործողությունների ծավալով եւ թե կիրառված զենքի ու զինտեխնիկայի հզորությամբ ու քանակով տեղի ունեցածը իրապես էլ պատերազմ էր: Կրկին անգամ արձանագրելու համար փաստը նշենք, որ ադրբեջանական կողմն այս պատերազմի մեջ մտավ նախապես ունենալով մի շարք առավելություններ: Այդ առավելություններն էին նախաձեռնված գործողությունների մանրակրկիտ ծրագրված լինելը՝ հարձակման հանկարծակիությունը (անկախ նրանից թե հայկական կողմը, ինչ չափով տվյալներ հայթայթած կլիներ հնարավոր հարձակման մասին): Հակառակորդ կողմը բախման մեջ էր մտնում ներգրավելով մեծաքանակ ռազմական տեխնիկա եւ մարդուժ, ձեռքին ունենալով գործողությունների պլան, որոնք նրան ընձեռում էին թելադրողի դեր՝ առնվազն սկզբնական որոշակի ժամանակահատվածում: Ի դեպ նկատենք, որ երկու կողմերի կուտակած տեխնիկական ներուժի պայմաններում ավելի հավանականը հենց կարճաժամկետ գործողություններն են, որոնք պատճառելով աննախադեպ մարդկային ու միջոցների կորուստ, կարճ ժամանակում կարող են արձանագրել շոշափելի արդյունքներ: Մյուս չակերտավոր առավելությունն այն է, որ ադրբեջանական արկածախնդիր ղեկավարությունը պատրաստ է փոքր հաջողությունների դիմաց անգամ զոհաբերել մարդկային եւ այլ կորուստներ, այն դեպքում երբ հայկական կողմը միշտ էլ կաշկանդված է հատկապես մարդկային մեծ կորուստներ չունենալու մտահոգությամբ:

Արժե հիշել, որ հայր Ալիեւը նման արկածախնդրության դիմեց 1993 թվականի դեկտեմբերին, այն ժամանակվա շփման գծի ողջ երկայնքով անակնկալ նախաձեռնելով լայնածավալ հարձակում: 93-ին ադրբեջանական կողմին հաջողվեց ճակատի տարբեր տեղանքներում շոշափելի առաջխաղացում ունենալ, ինչպես եւ հայկական կողմին պատճառել մեծաթիվ զոհեր: Ծանր ու դժվարին այդ դիմակայության ժամանակ մեկ-մեկուկես ամիս անց միայն հայկական կողմին հաջողվեց շրջել իրավիճակը եւ դանդաղորեն հակահարձակում ծավալել: Մարտ-ապրիլը հայկական զինուժի ակնհայտ հաջողությունների ժամանակահատվածն էր, որից հետո հակառակորդը դիմեց զինադադարի խնդրանքով՝ ինչն էլ ամրագրվեց 1994 թվականի մայիսի 12-ի Բիշկեքի համաձայնագրով:

Ադրբեջանն այն ժամանակ ծանր հատուցեց ձեռնարկած արկածախնդրության համար, սակայն հայկական կողմն էլ կարողացավ շտկել սահմանագիծը, հարյուրավոր հայորդիների նահատակության գնով:

Որդի Ալիեւի ձեռնարկած հարձակումը, հիտլերյան հայտնի «բլից-կրիգի» օրինակով, դարձյալ մարդկային կորուստների առումով ծանր հետեւանքներ ունեցավ (իհարկե ոչ նախորդի չափով), ինչն անխուսափելի է ներկայիս ռազմատեխնիկական հնարավորությունների պայմաններում: Փաստ է, սակայն, որ հակառակ ադրբեջանական կողմի ունեցած առավելություններին հայկական կողմին հաջողվեց թշնամուն կանգնեցնել՝ գրեթե թույլ չտալով նրան առաջանալու դեպի հայկական տարածքներ , ինչն իր հերթին կմեծացներ կորուստների ծավալն ու կշիռը:

Оставьте комментарий